Թուրքիայի կողմից ԵՄ «դռները բացելուց» հետո սահմանը հատել է ավելի քան 100 000 փախստական (լուսանկարներ)

0
318

Թուրքիայի կողմից Եվրոպական Միության հետ սահմանը բացելուց հետո, այն հատել է ավելի քան 100 000 փախստական: Այս մասին մարտի մեկին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Պաշտոնյան տվյալները հրապարակել է Twitter սոցիալական կայքի իր պաշտոնական էջում:

«19:40-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 20:40) Էդիրնով մեր երկիրը լքող փախստականների թիվը 100 577 է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ թուրքական ՆԳՆ հայտնել էր, որ Էդիրնի շրջանում սահմանը հատել է 76 358 մարդ և ուղևորվել Հունաստանի և Բուլղարիայի ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Թուրքիայի իշխանությունները սիրիացի փախստականների համար բացել են Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները, ինչի հետևանքով սահմաններին ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել:

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, տասնյակ հազարավոր սիրիացի և այլազգի փախստականներ հավաքվել են Թուրքիայի ՝ Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմաններին: Նրանք քարեր են նետել իրավապահների ուղղությամբ, ինչպես նաև փորձել են կտրել փշալարերը:

Խոսքը մոտ 30 000 փախստականի մասին է, որոնք սահմանային անցակետերի մոտ են հավաքվել, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «բացել է դռներն» ու երկրում գտնվող չորս միլիոն փախստականներին Թուրքիան լքելու հնարավորություն տվել:

Հունաստանի ոստիկանությունը փակել է սահմանն ու արցունքաբեր գազ կիրառել սահմանը հատել փորձողների նկատմամբ: Նմանատիպ իրավիճակ է նաև Բուլղարիայի հետ սահմանին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ այլևս չեն սահմանափակի փախստականների տեղաշարժը՝ այդպիսով չեղարկելով ԵՄ-ի հետ կնքած բազմամիլիարդանոց համաձայնագիրը, որով երկիրը պետք է զսպեր փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա:

Թուրքիայի որոշումը կապված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի կողմից Սիրիայում Թուրքիայի շահերի առաջխաղացմանը չաջակցելու հետ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here