Ախր ոտից-գլուխ ֆալշ եք, ոտից-գլուխ․․․

0
820

Տհաճության զգացողությունը չէր լքում մի որոշ ժամանակ: Ասես՝ անիսոնով վանիլի թրմօղի կլանած լինեի: Ի վերջո կողմնորոշվեցի, թե ո՛րն էր պատճառը: Իսկ պատճառը հպանցիկ աչքովս ընկած մի տեսանյութ էր՝ ԱԺ նիստից: Ավելի ճիշտ այդ նիստի այն դրվագը, որտեղ մի երիտասարդ, ձայնը գլուխը գցած, ոչ «իրենցքայլականի» վրա գոռգոռում էր, թե՝ «ձենդ կտրի» կամ նման մի բան:

Ու այս անձինք, դեռ համարձակվում են ուրիշներին դիտողություն անել, ասենք՝ քարոզչական բուկլետը ցուցադրաբար պատռելու համար: Հիմա՝ Փաշինյանի «իմքայլական», նախկինում ՀՀԿ-ական պատգամավորը փայլատակում էր: Շանթ ու որոտ: Կարելի էր նաև անվանապես նշել, բայց դա էական չէ:

Էականն այն է, որ չնայած քաղաքականությունն ընդհանրապես, իսկ հայկական քաղգործիչները՝ մասնավորապես չեն կարող առանց կեղծիքի, դա էլ այնուամենայնիվ չափ ու սահման ունի: Մանավանդ, որ իրականությունն էլ չի կարող շարունակ ծուռ հայելու արտացոլանքով դրսևորվել:

Իսկ իրականությունն այն է, որ, տղե՜րք, ձեր ամեն ինչը շինծու-ցուցադրական է: Խոսակցականով ասած՝ ֆալշ է: Ֆա՛լշ:

Առ ժողովուրդս տածած սիրուց եք խոսում, բայց չարությունը վրաներիցդ կաթում է: Հանդուրժողականությունից ու ժողովրդավարությունից եք խոսում, բայց այնպիսի պոռթկումներով, որ ավելի շատ որևէ մեկի կոկորդ կրծել ցանկացողին կհամապատասխաներ: Մի կես բերան դիտողությունից անգամ այնպես եք բռնկվում, որ էլ ասելու չէ: Բայց անհնար է լռության մատնել ու չասել:

Չէ, բայց ախր շատ բնութագրական է. ՀՀԿ նախկին անդամը մեղադրում է այլ անձանց… ՀՀԿ-ի հետ համագործակցության մեջ: Նաև տպավորիչ է, իհարկե:

Լավ, եթե ՀՀԿ-ն էդպես բոբո բան էր, ինչո՞ւ էիք բոլորդ էդպես մղվում իր հետ համագործակցելու: Կամ, ասենք, Նիկոլ Փաշինյանը համագործակցում էր այսօր իր քայլակիցների կողմից այդպես այպանված «Լուսավոր Հայաստանի» ու Մարուքյանի հետ: Ի միջի այլոց, այդ համագործակցության ձևավորման մանրամասնություններն էլ պակաս հետաքրքրական չէին, և մի առիթով արժե հիշեցնել: Այստեղ ընդամենը թեթևակի նկատեմ, որ «Քաղպայմանագիր»-«Լուսավոր» համագործակցությունից մի 15-20 րոպե պակաս երկուստեք սուր-սուր խոսքեր էին հնչեցվում, ընդդիմություն կոչվել-չկոչվելու «թեստ»-եր էին առաջադրվում, իշխանական նախագիծ լինելու բացահայտ մեղադրանքներ:

Բայց դա հարցի մի կողմն է միայն: Եթե Մարուքյանն ու իր կուսակցությունն այդքան վատն ու պախարակելի էին ու նախկիններին ծախված, հապա ինչո՞ ւ էր Փաշինյանը հետները դաշինք կազմել, կառավարության կազմում էլ ընդգրկել…

Ձեր ո՞ր մղումն էր իրական, որը՝ կեղծ: Այն, որ դաշնակցո՞ւմ էիք, թե՞ այս, որ «առերեսմանը չեք դիմանում» ու հուզախռով ինքնադրսևորվում: Չնայած, հնարավոր է, որ երկու դեպքում էլ նույն ֆալշն է:

Ավելին, անձնապաշտական, Նիկոլ Փաշինյանի պաշտամունքի սոցցանցային դրսևորումներն էլ են ֆալշ, որովհետև նույն այդ պաշտողների մեծ մասը ոչ այնքան վաղուց նույն Նիկոլ Փաշինյանին «Սերժի ական» էր համարում: Դուք մոռացե՞լ եք: Բայց ձեզանից բացի, այլ մարդիկ էլ կան և հիշում են:

Ձեր ո՞ր մղումն էր կեղծ կամ կեղծիք: Ա՞յն, որ թափով գնում ու ՀՀԿ–ական էիք գրվում, թե՞ այն, որ հիմա թունդ փաշինյանական եք ներկայանում: Ա՜, հասկանալի է, այն ժամանակ ՀՀԿ-ական էիք գրվում, որպեսզի հետո ասեիք, թե դա ֆիկտիվ է եղել, ձևական, որ դուք ներդրվել եք, որպեսզի ներսից…

Ու առհասարակ, երբ տեսնում ես, թե ինչպես են կուրծք ծեծելով կոկորդ պատռում դիմացինին մերկացնելու համար, թե՝ «ՀՀԿ-ական պռոյեկտ եք…» ու նման բաներ, որպես կողքից այդ անտաղանդ ներկայացմանն ակամայից հետևող, չես կարող չասել. հանդարտվեք, դուք բոլորդ էլ պրոյեկտ եք, քանի որ բոլորդ էլ հասցրել եք իրար մեղադրել «իշխանության ական» լինելու մեջ, այնքան և այնպես եք մեղադրել, որ այդ մի հարցում բոլորդ ճիշտ եք… ոտից-գլուխ ֆալշ լինելով հանդերձ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here