Իշխանությունն ինքը կորոշի՝ որ դատավորն է լավը, որը՝ վատը

0
84

«HelpCourt» դատական վարկանիշավորման համակարգը այսուհետ դրամական պարգև կտրամադրի այն անձանց, ովքեր ցածր վարկանիշ ունեցող դատավորների դեմ փաստեր կներկայացնեն: Մասնավորապես, եթե հաղորդման հիման վրա կհարուցվի կարգապահական վարույթ, կտրամադրվի 50 հազար դրամ, եթե այդ վարույթը բավարարվի՝ 100 հազար դրամ, եթե այդ հաղորդման արդյունքում դադրեցվի բացասական վարկանիշ ունեցող դատավորի լիազորությունները՝ գումարի չափը կկազմի կես միլիոն:

Թվում է, որ այս քայլը պետք է ողջունեին առաջինը հենց իշխանականները, քանի որ արդեն երեք տարի է՝ թմբկահարում են «պատերի տակ վնգստացող» դատավորնրի մասին: Նրանց դեմ պայքարելու հիմնական միջոցներից մեկն էլ արդարադատության նորանշանկ նախարարը համարում է հենց կարգապահական վարույթների հարուցումը: Ինքն էլ շռայլորեն օգտվում է այդ լիազորությունից: Բայց, պարզվում է՝ այս քայլը ԲԴԽ-ի սրտով չէ:

ԲԴԽ-ն, ավելին, պարզվում է առհասարակ դեմ է վարկանիշավորման համակարգին: Այն համարում է «խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գործընթաց, քանի որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքն արդեն իսկ շատ մանրամասն կանոնակարգում է դատավորների գնահատման կարգը»:

Հետաքրքրական է նաև, որ իր հայտարարության մեջ ԲԴԽ-ն դատապարտում և անընդունելի է համարում ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված գործընթացների համար վճարներ սահմանելը: Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում էր 500 հազար դրամ պարգև: Ավելին, դրա մասին հայտարարում էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Բայց այն ժամանակ ԲԴԽ-ն լռում էր, թե ինչու՝ պարզ չէ: Բայց նշենք, որ ԲԴԽ նախագհը երկու դեպքում էլ նույնն էր:

Ինչ վերաբերում է հայտարարության երկրորդ մասին, որի պնդմամբ՝ վարկանիշավորումը խիստ սուբյեկտիվ և կողմնակալ գործընթաց է, նշենք, որ «HelpCourt» համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Այն գործում է շուրջ 5 տարի և հնարավորություն է տալիս գործող փաստաբաններին գնահատելու դատավորների աշխատանքը: Արդյունքում ձևավորվում են դրական և բացասական վարկանիշ ունեցող դատավորներ: Այսինքն, դատավորների աշխատանքը գնահատում են նրանց հետ անմիջական կապ ունեցող փաստաբանները, և ոչ կամայական քաղաքացիները:

Հիշեցնենք նաև, որ ըստ այդ համակարգի ամենից ցածր վարկանիշ ունեցող դատավորներն են օրինակ Արմեն Դաբիելյանը, Արմինե Մելիքսեթյանը, Աննա Դանիբեկյանը, Մնացական Մարտիրոսյանը, որոնց վարկանիշը անգամ զրո չէ, այլ մինուս է: Իսկ ամենից բարձր վարկանիշ ունեցողներն են Ալեքսանդր Ազարյանը, Դավիթ Բալայանը, Արման Հովհաննիսյանը, Վազգեն Ռշտունին, Արսեն Նիկողոսյանը: Իսկ թե որ դատավորն ինչով է հայտնի, հատկապես վերջին երեք տարիներին, բոլորը գիտեն և որքանով է այս պատկերը համապատասխանում իրականությանը, դատել կկարողանան: Ընդ որում, այդ դատավորների որոշումներին հետևելիս համոզվում ենք, որ գնահատման տրամաբանություն դուրս չեն գալիս։

Ստացվում է, որ քաղաքացիներին հղում անելով կարելի է խոսել դատավորների նկատմամբ ցածր վստահության մասին, իսկ պրոֆեսիոնալ, որակավորում ունեցող փաստաբանների գնահատականներին՝ ոչ: Կամ էլ՝ իշխանությունն ինքը կորոշի ով է լավը, ով վատ, ինքն էլ համապատասխանաբար վարույթներ կհարուցի:

Պարզից էլ պարզ է, թե ինչի համար է սա արվում․ իշխանությունը միշտ ձևը գտնում է հասնելու նրան, որ Նիկոլ Փաշինյանի օրոք քաղաքական ենթատեքստով բոլոր գործերը մակագրվեն նրանց, ում իշխանությունն ինքը ուզում է, կամ այսպես ասած՝ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորներն են։ Եվ մի տեսակ սիրուն չէ, երբ քաղաքական պատվերով կալանավորում իրականացնելու դեպքում լրատվամիջոցները անմիջապես հրապարակում են, որ տեսեք՝ այս որոշումը կայացրել է մինուս անսահմանություն ձգտող վարկանիշ ունեցող դատավորները։ Իսկ այսպես բոլոր դատավորները գրեթե կհավասարվեն։ Պատմուճան է հագնում, ուրեմն արդար դատավոր է։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here