Հին թեզերը՝ նոր ձևաչափում. առաջին հրապարակային քննարկումը

0
205

Փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը: Քննարկումը, ի հեճուկս դրա խորագրի («Թարմացում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»), նոր մոտեցումներ չառաջարկեց: Քննարկման բացառիկությունը կայանում էր նրանում, որ հակամարտության երկու կողմերը բարձրագույն քաղաքական մակարդակով հրապարակայնորեն եւ դեմ առ դեմ ձեւաչափով շփվում էին առաջին անգամ: Առաջին անգամ էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հերթով եւ հրապարակայնորեն բարձրաձայնում էին իրենց մոտեցումները: Այդքանով քննարկման բացառիկությունը եւ նորությունը ավարտվում են: Թեզերը նույնպես որևէ նորություն չէին պարունակում:

Ալիեւը խոսեց «պատմական արդարության», ՄԱԿ-ի բանաձեւերի, «Ադրբեջանի տարածքների օկուպացված 20 տոկոսի» մասին… Նա նաեւ շարունակեց խեղաթյուրել պատմությունը եւ միակողմանի ներկայացնել միջազգային իրավական ակտերի բովանդակությունը: Իսկ սեփական թեզերը ներկայացնելիս Ալիեւի առաջարկը ներկաներին, թե կարող են «մտնել եւ ինտերնետում նայել» խոսում է իր այն գիտակցման մասին, որ իր խոսքերը հավելյալ հաստատման կարիք ունեն: Բացի դրանից «ամենազոր համացանցին» հղում կատարելն ավելի շատ օգտակար է հայկական կողմին. քիչ հավանական է, որ ներկաները «մտնել-նայելու էին» պատմության ադրբեջանական դասագրքերի տարբերակները, համաձայն որոնց, օրինակ, «ադրբեջանական գիտությունը մեծ ավանդ ունի Ամերիկայի հայտնաբերման գործում»: Նրանք փնտրելու էին (միգուցե իրոք «գուգլել են») ավելի արժանահավատ աղբյուրներում զետեղված տեղեկատվությունը եւ տեսնելու էին իրական, այլ ոչ թե ադրբեջանական պատկերը: Իրականում, սակայն, հասկանալի է, որ Ալիեւի հղումները համացանցին ներքին լսարանի համար էին՝ Ադրբեջանի ներսում իր խոսքն ավելի համոզիչ դարձնելու եւ «քննարկման հաղթող» երեւալու համար:

Փաշինյանը եւս սկզբունքորեն ոչ մի նորություն չասաց: Նա մասնավորապես նշեց, որ Արցախը հակամարտության կողմ է, որ առանց նրա հետ բանակցելու հնարավոր չէ լուծել հակամարտությունը, որ լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Նորություն կարելի է համարել Փաշինյանի առաջ քաշած «միկրո հեղափոխություն» եւ «մինի հեղափոխություն» եզրույթները: Այդ «հեղափոխություններն», ըստ վարչապետի, անհրաժեշտ են բանակցային գործընթացում ճեղքում ապահովելու համար քանի որ մեկ կամ երկու գործողությամբ հնարավոր չէ լուծել խնդիրը: «Միկրո» եւ «մինի հեղափոխությունները» քննարկման մոդերատոր Սելեստա Ուոլանդերի թեթեւ ձեռքով հավակնում են դառնալ լայնորեն կիրարվող տերմիններ:

Ինչ վերաբերվում է քննարկման բովանդակային ազդեցությանը կարգավորման գործընթացի վրա, ապա այն եթե չասենք զրոյական է՝ ձգտում է զրոյի: Հակամարտության կարգավորման միակ ձեւաչափը բանակցություններն են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ իրենց դրական եւ բացասական կողմերով: Բոլոր մնացած ձեւաչափերը, այդ թվում երկրների ղեկավարների հրապարակային քննարկումները, չեն կարող հավակնել բանակցությունների այլընտրանք լինելուն:

Քննարկման ընթացքում կողմերը արեցին այն, ինչ պետք է անեին՝ ներկայացրեցին իրենց թեզերը: Նման հանդիպումները կարելի է որակել ոչ ավելին, քան քարոզչության փորձ, քանի որ ներկաները եւս գիտեն, որ լսելու են տրամագծորեն հակառակ ու ինչ-որ առումով կանխակալ պնդումներ եւ չեն պատրաստվում նախապատվություն տալ կամ հաղթանակ շնորհել դրանցից որեւէ մեկին:

Սա ընդամենը քննարկում էր, որի ընթացքում երեւաց, թե որքան հեռու են կողմերի մոտեցումները եւ որքան անելիք դեռ ունեն միջնորդները եւ հենց իրենք՝ հակամարտության կողմերը: Դրա մասին են վկայում ինչպես բացարձակ աբսուրդ երեւույթները, ինչպես օրինակ պատմության ադրբեջանական ընկալումը եւ դրա տարբերությունը ընդհանուր ընդունված «տարբերակից», այնպես էլ տարբեր միջազգային իրավական փաստաթղթերի տարընթերցումները, ինչպիսին հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը:

Այդ իսկ պատճառով նմանատիպ քննարկումները բարդ է համարել կառուցողական եւ մերձեցնող: Ներկա փուլում դրանք անխուսափելիորեն բերելու են «հաղթող-պարտվող» տրամաբանությամբ գնահատականներ տալուն: Իսկ ինչ վերաբերվում է «հաղթելուն», ապա Փաշինյան-Ալիեւ քննարկման իրական հաղթողը Մյունխենի անվտանգության համաժողովն է, որի կազմակերպիչներին ի վերջո հաջողվեց աննախադեպ հրապարակային քննարկում կազմակերպել երկու հակառակորդ երկրների միջեւ քաղաքական ամենաբարձր մակարդակով:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here