Ո՛ր կողմ էին ուղղված «մարտի 1-ի» գործի սլաքները, և որտեղի՞ց էր փչում Նիկոլի քինախնդրության քամին

0
126

Նախքան Արցախը կործանելը, Հայաստանի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը վտանգելը, նախքան ներկայիս շարունակական ողբերգությունն ու աղետը «վճռական սխալներով» կազմակերպելը, Նիկոլ Փաշինյանը նաև արյամբ ապականեց գարնան առաջին օրը: Դա 2008-ի մարտի 1-ի երեկոյան էր: Հենց այն ժամանակ, երբ Փաշինյանը հրահրիչ հայտարարություններով ավելի ու ավելի էր շիկացնում իրավիճակը Մյասնիկյանի արձանի մատույցներում, ոգևորում էր ոստիկանության ուժերի հետ բացահայտ բախումները, անկեղծորեն գոռում էր, որ իր «հոգին փառավորվում» է այդ ամենից:

Ինչ էլ ասվի, 2008-ի մարտի 1-ի 10 զոհերի արյան մեղքը Նիկոլ Փաշինյանի ու մյուս հրահրիչների վրա է: Եվ հակառակ պարագայում, եթե այդ հրահրիչները չլինեյին, ընդիմության այլ գործիչների և ոստիկանության միջև արդեն պայմանավորվածություն կար, հանրահավաքը տեղափոխել Մատենադարանի մոտ, իսկ այնտեղ այդ բողոքի ցույցերի ընթացքն այլ տրամաբանությամբ կընթանար։ Այլ տրամաբանությունը հուշում էր, որ հնարավոր կլիներ այնտեղ շարունակել անցկացնել հանրահավաքներ, բողոքի ձայնը լսելի դարձնել և մի գուցե իշխանությունը կոմպրոմիսի գնար, և մենք մարտի 1-ը կհիշեյինք որպես սովորական գարնան առաջին օր։ Բայց ոչ, հրահրիչները, այլ սցենարով էին եկել։ Առհասարակ, կոշտ ու հստակ մոտեցման դեպքում, Նիկոլ Փաշինյանը մինչև հիմա պետք է բանտում իր պատիժը կրելիս լիներ՝ ծանրագույն հետևանքներով զանգվածային անկարգություններ հրահրելու, սահմանադրական կարգի բռնի տապալման փորձի մեղադրանքներով: Այո, դատավճիռ եղել է նաև կոնկրետ իր նկատմամբ, սակայն Փաշինյանին համաներմամբ ազատ արձակեցին, կհիշեք: Մի նրբերանգ էլ. դատապարտված անձը համաներմամբ ազատ է արձակվում միայն իր համաձայնությամբ, ինչը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իր մեղավորությունը, հակառակ դեպքում չէր կարող համաներվել:

Երբ մոտ 3 տարի առաջ այդ անպատասխանատու, ստախոս, արկածախնդիր ու արյունռուշտ չարիքը, այնուամենայնիվ, զավթեց Հայաստանի իշխանությունը, սպասելի էր, որ նա անձնական քենից դրդված, հետապնդումներ է սկսելու իրեն դատապարտած ու բանտ նստեցրած գործիչների նկատմամբ:

Կանխատեսելի էր, որ Նիկոլ Փաշինյանը, արդեն որպես վարչապետի պաշտոնն զբաղեցնող, քաղաքական հետապնդումներ կսկսի, օրինակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, ով թույլ չեր տվել անել այն, ինչ իրենք արեցին 10 տարի հետո և այն ինչի բերեցին, ապացուցում է, որ այս ամենը դեռ այն ժամանակ պետք է լիներ: Այդպես էլ եղավ: Բայց մոտ երկուսուկես տարի առաջ շատերս դա գնահատեցինք որպես մանր անձնավորության քինախնդրության դրսևորում: Ու չնայած դա ճիշտ գնահատական էր, բայց, ինչպես դեպքերի ընթացքը ցույց տվեց, ամբողջական պատկերը չէր արտացոլում:

Մոգոնվեց մի շինծու, «մատից ծծած» գործ, որը լրահոսում բնորոշվում է որպես «մարտի 1-ի նոր գործ» կամ «սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործ»: Մի «գործ», որի ամենից դիպուկ բնորոշումը, դեռ երկուսուկես տարի առաջ հենց Ռոբերտ Քոչարյանն է տվել՝ «իրավաբանական աղբ»:

Ինչի՞ մասին է այդ «գործով» հիմնական մեղադրանքը: Այն մասին է, որ 2008-ի մարտի 1-ին, գործող ու բոլոր օրինական իրավասություններին համապատասխան գործած նախագահ Ռոբերտ Քոչայրանը և տվյալ շրջանում պաշտոնավարած մի շարք պետական ու ռազմական գործիչներ, իբր, տապալել են սահմանադրական կարգը: Մասնավորապես նրանով, որ մարտի 1-ի երեկոյան զանգվածային անկարգությունների սկսվելուց անմիջապես հետո արտակարգ դրություն հայտարարվեց, որի ապահովման պատասխանատվությունը բնականաբար դրվեց ուժային կառույցների վրա:

Բայց այս դեպքում հիմնական պահերից մեկն այն է, թե ովքեր են շինծու «գործով» մեղադրվում. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախկին նախարարներ, նույնպես գեներալ գնդապետներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը:

Ակնհայտ է, որ այս շինծու «գործը» հորինված էր ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունը բավարարելու, ոչ միայն իր հիմնական հենարան լյումպեն զանգվածի ստոր կրքերին հագուրդ տալու համար: Դա կա, բայց աստիճանաբար ավելի ու ավելի ուրվագծվեց, թե ո՞ր կողմն են ուղղված այսպես կոչված՝ «մարտի 1-ի գործի» սլաքները:

Այդ մտացածին գործով Նիկոլ Փաշինյանի առաջնային նպատակներից մեկը Արցախի հարցում առավել քան հստակ դիրքորոշում ունեցող, Արցախի ազատագրական պայքարի ու կայացման գործում անուրանալի ներդրում ունեցած նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև՝ գեներալ-գնդապետներ Յուրի Խաչատուրովին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին հնարավորինս մեկուսացնելն էր:

Միաժամանակ, Փաշինյանի զուգահեռ նպատակադրումն էր անվանարկել առհասարակ բանակն ու բանակային բարձրաստիճան զինվորականներին, վարկաբեկել Արցախի հերոսներին, ռազմական գործիչներին: Պատահականա չէ, որ փաշինյանական քարոզչամեքենան առավելապես հենց այդ շեշտադրումներով էր անդրադառնում նշված «գործին» ու մեղադրվող գործիչներին: Ինչու՞, կասեյինք դեռ այն ժամանակ, այնինչ այսօր առավել քան պարզ է, թե ինչու։

Բացի այդ, նկատենք, որ նշված «գործով» Նիկոլ Փաշինյանը հետապնդում էր նաև Ռուսաստանի ղեկավարության հետ հարաբերությունները կտրուկ փչացնելու նպատակ, քանզի հետապնդումներ սկսեց հենց այն գործիչների դեմ, ովքեր իրենց պաշտոնավարման շրջանում հնարավորինս ամրապնդել են հայ-ռուսական բարեկամական ու դաշնակցային հարաբերությունները: Ավելին, կոնկրետ Յուրի Խաչատուրովի դեպքում Նիկոլ Փաշինյանի ռեժիմն արեց նույնիսկ անհնարինը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար: Նիկոլ Փաշինյանն անմիջականորեն հրահանգել էր ձերբակալել Յուրի Խաչատուրովին, ով այդ պահին ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարն էր: Թե դա ինչ հետևանքներ ունեցավ, հանրահայտ է:

Ըստ էության, այսպես կոչված՝ «մարտի 1-ի նոր գործը» Նիկոլ Փաշինյանի համար լրացուցիչ լծակ էր՝ Արցախը թուրքին հանձնելու իր հանձնառության ու դժոխային ծրագրերում: Ծրագրեր, որոնց քամիներն ակնհայտորեն փչում էին Թուրքիայից, մասամբ՝ Ադրբեջանից:

Եվ բոլոր այն քննիչները, դատախազները, դատավորները, որոնք մանկլավիկորեն կատարել են Նիկոլ Փաշինյանի պատվերները այս «գործով», կամա թե ակամա, նույնպես սպասարկել են այդ ստոր ու թուրքական արտադրության ծրագրերը, անկախ այն բանից՝ գիտակցե՞լ են դա, թե՞ ոչ:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here