ՍՈՐՈՍԱՆՈՑՈՒՄ ԽՈՒՃԱՊ Է

0
983

Մի տեղ կարդացի, որ Արսեն Թորոսյանը, իմանալով, որ հակակոռուպցիոն մարմինները կարող են զբաղվել իրենով, հակադարձել է, թե ինքն էլ կհրապարակի Փաշինյանի «կիսամերկ» ձայնագրությունները, որոնք պահել է: Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է ասել, որ Թորոսյանը չի պատրաստվում քավության նոխազ դառնալ Փաշինյանի անճարակ կառավարության համար: Քիչ բան չէ՝ ցանկանում են նրա վզին փաթաթել կորոնավիրուսի պատճառած հազարավոր մահերը, մոտ 5 հազար բուժվողների անորոշ ճակատագրերը, ինչու ոչ՝ նաեւ արդարացնել պարետատան բոլոր այն «պոզավոր» որոշումները, որոնց արդյունքում համավարակը նահանջելու փոխարեն ավելի մեծ թափով է հարձակվել: Փաստորեն, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որից հաղթանակած դուրս գալու շանս կողմերից ոչ մեկը չունի: Մյուս կողմից էլ՝ մեզ համար է դժվար կողմնորոշվելը: Հասարակ մահկանացուներս նման դեպքերում ասում ենք՝ ձուկը գլխից է հոտած, բայց ինչպե՞ս մեղադրես Փաշինյանին, որ, կարծես, ամեն ինչ արել է, որպեսզի իր նախարարները չթաթախվեն կոռուպցիայի մեջ: Բարձր աշխատավարձ է տվել, անհաշիվ պարգեւատրումներ, որեւէ կերպ չի խոչընդոտել, որ իր նախարարների ընտանիքի անդամներն ու հատկապես կանայք նույնպես հաջողակ լինեն իրենց բնագավառներում: Ինչպե՞ս ասել՝ ձուկը գլխից է հոտած, երբ մի ողջ ժողովուրդ հավատում է, որ Փաշինյանը չի գողանում, հեռու է բոլոր տիպի կոռուպցիոն գործարքներից: Եվ ուրեմն՝ ինչի՞ մասին է Արսեն Թորոսյանի հաթաթան, այդ ի՞նչ պետք է ասած լինի Փաշինյանը, որ ուզում է կոմպրոմատ դարձնել նրա դեմ… 

Նիկոլ Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը, կարելի է ասել, երկար են քայլել միասին: Նրանց ծանոթությունն առնվազն երկամյա պատմություն ունի, իսկ հեղափոխական իրադարձություններով առլեցուն 2 տարում, հասկանալի է, շատ բան կարելի էր ասել- խոսել, լեզվի սայթաքումներ թույլ տալ եւ այլն: Չմոռանանք նաեւ, որ հեղափոխության օրերին սորոսական շրջանակների առանձնյակները ոսկու արժեք ունեին Փաշինյանի համար: Փող, բազմամարդ տեսարաններ, տեխնոլոգիաներ՝ նրանք էին ապահովում, իսկ առանց այդ ամենի Փաշինյանի հեղափոխությունը կդառնար դժգույն բողոքի ցույց՝ լավագույն դեպքում մի քանի ՔՊ-ականի ու Չալոյի մասնակցությամբ: Երբ ես դեռ 2018-ի ապրիլին այսպիսի բաներ էի պատմում իմ հարեւան Շմավոնին, ծուռ նայում էր ինձ ու հակառակվում, թե այդ ամենը դավադրությունների տեսություն է:

Ժամանակ անցավ, Փաշինյանը դարձավ վարչապետ, իրեն շրջապատեց սորոսականներով ու սկսեց «անզիջում» պայքար նախկինների դեմ: Օրական մեկին բռնում էր, Շմավոնն էլ հարցնում էր՝ հը, ո՞նց ես, տեսնո՞ւմ ես՝ ինչ է անում Նիկոլը… Ամեն անգամ ես նրան հորդորում էի չշտապել եւ ժամանակավրեպ եզրակացություններ չանել: Մի անգամ նույնիսկ կոպտեցի՝ Շմավոն, ե՞րբ պետք է թողնես այդ թամաշան եւ սկսես մտածել: Պատկերացնո՞ւմ եք, շատ նեղացավ ու, մեր բակի լեզվով ասած՝ սկսեց ինձնից հեռու է ֆռֆռալ: Մի օր էլ՝ դա 2019 թ․ նոյեմբերի 29-ն էր, տեսնեմ բեսեդկում նստած՝ «Հրապարակ» է կարդում: Մոտեցա, բարեւեցի, աչքս գցեցի վերնագրին, իմ հոդվածն էր՝ «Սորոսին «քցել» ենք, սուս»: Ինձ զսպեցի, որ չփռթկամ, ու գնացի գործիս: Գնում ու ինձ-ինձ խոսում էի՝ տեսնես կհասկանա՞, թե ինչի մասին եմ գրել… Հոդվածը չեմ վերապատմի, փոխանցեմ միայն միտք բանին՝ Փաշինյանը սորոսականների ձեռքն ընկել է կրակը՝ այդքան արտոնություններ է տվել, կարեւոր պաշտոններ, բայց սորոսականները ձգտում են ավելիին՝ համարելով, որ իրենց ներդրումը թավշյա հեղափոխության մեջ անհամեմատ ավելի մեծ է, քան այն փոխհատուցումը, որ ստացել են:

Այսօր արդեն սորոսականները պատրաստ են կուլ տալ Փաշինյանին: Օրինակ, պաշտպանում են Արսեն Թորոսյանին ու նախատում Փաշինյանին, թե արդար չէ հեղափոխության հիմնասյուներից մեկի՝ Արսեն Թորոսյանի հետ այդպես վարվելը: Հոդվածի վերնագիր ասեմ․ թվում է՝ Նիկոլն է հրաժարական տալիս. «Նավապետը լքո՞ւմ է նավը»: Սորոսի Լարիսն իր ողջ հասարակական ազգուտակով, Սաֆարյան Սծյոպիկը, Իոաննիսյան Դանչոն, Սաքունց Արթուրը, բոլորը տագնապի մեջ են:

Սորոսին հավատացրել են, թե Նիկոլն անելու է այն ամենը, ինչ իրենք ասեն, ու փող է, որ ստացել են: Բայց, ալե հոպ, ու Նիկոլը շնորհավորում է Լուկաշենկոյին, Նիկոլի թիմից հայտարարություն է հնչում, թե Սորոսն ո՞ւմ շունն է, որ կարողանա ազդել ՀՀ իշխանությունների վրա, Լարիսի ու Դանչոյի պահանջը՝ կարգի հրավիրել Սորոսին բան ասողներին՝ մնում է օդում, Արսեն Թորոսյանն է հարկադիր արձակուրդ մեկնում և սպառնում ձայնագրություններ հրապարակել, խոսակցություններ են սկսվում Արայիկ Հարությունյանին նրա հետևից ուղարկելու մասին: Եթե Սորոսի 90-ամյա սիրտը մի հրաշքով դիմանա այս հարվածներին, նա հենց նշվածներից է հաշիվ պահանջելու և ոչ թե Փաշինյանից, որին Աստված այնքան խելք էր տվել, որ իր հեղափոխության համար բոլ-բոլ օգտագործեց «բարի» ծերուկի «խնայողությունները», բայց սեփական ձեռքերով երբեք չդիպավ դրանց: Ահա թե ինչու այս պահին ես, իսկ որ ասում եմ ես, Շմավոնն էլ հետս է, Փաշինյանի կողմն եմ: Փաշինյանն այսօր ունի դրա կարիքը, և ժողովուրդն էլ պետք է հասկանա, որ ամենավտանգավորն այս պահին ոչ թե Փաշինյանն է, այլ պատեհ առիթն օգտագործելով մեր տունը քանդող, մեր երկիրը հազար ու մի աղտեղությամբ լցնող սորոսականները: Իսկ Փաշինյանի հետ մենք հետո էլ կխոսենք: Շտապելու տեղ ոչ ինքը ունի, ոչ՝ մենք:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here